Ամսագիր Մարտ 2015 Առաջին կարգի և հայկական

03 Մարտ 2015, 13:08
1109 |

Առաջին կարգի և հայկական

Վերջին տարիներին ամենատարբեր ժանրի սփյուռքահայ երաժիշտները ավելի ու ավելի հաճախ են ելույթ ունենում Երևանում: Այս համերգներից շատերը հնարավոր են դարձել Deem Communications ընկերության ջանքերի շնորհիվ: Հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանը պատմում է System of a Down-ի մի քանի չկայացած համերգների, Սերժ Թանգյանի առաջին ելույթի, բացօթյա համերգի ձայնի խնդիրների պատճառների, EMI-ի մասշտաբի լեյբլի հետ աշխատելու և սփյուռքահայ երգիծաբանի հումորը տեղացի հանդիսատեսին հասանելի դարձնելու մասին:

Ճչացողները առանց Սիսթեմի
2007 թվականին Երևանում կազմակերպեցինք Screamers վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Կառլա Կարապետյանի ժապավենը բավական աղմուկ էր հանել: Իսկապես լավ, ուժեղ գործ էր, բացի այդ մեծ ուշադրության կենտրոնում էր, քանի որ սաունդթրեքը System of a Down-ի երգերից էր կազմված, իսկ հերոսներից մեկը Սերժ Թանգյանի պապիկն էր: Դա, փաստորեն, մեր առաջին առնչությունն էր SOAD-ի հետ: Հիշում եմ, ամբողջ քաղաքը սպասում էր, որ նրանք էլ կգան Երևան ֆիլմը ներկայացնելու համար, բայց այդ ժամանակ չստացվեց: Այդուհանդերձ, ֆիլմի ցուցադրությունները շատ լավ անցան:

Արդարացված ռիսկ
Գի Մանուկյանի երկու համերգների կազմակերպումը մեր առաջին փորձն էր միջազգային խոշոր լեյբլի հետ՝ Գին այդ ժամանակ արդեն EMI-ի արտիստներից էր: Մի քիչ ռիսկային նախագիծ էր, իհարկե, որովհետև նրան այստեղ դեռ այդքան էլ լավ չգիտեին: Բայց գնացինք այդ ռիսկին, և ամեն ինչ լավ ավարտվեց: Ճիշտ է, դժվարություններ կային նաև տեխնիկական ռայդերի հետ. Հայաստանում այդ տարիներին դեռ ամեն ինչ գտնելը բավական բարդ էր:

Բարեբախտաբար, ինքն էլ, EMI-ն էլ մեզ ընդառաջեցին, որոշ կետեր հանվեցին, մյուսները փոխարինվեցին և արդյունքը վատ չստացվեց՝ երկու լեփլեցուն համերգ (1200 հոգանոց դահլիճում), լավ արձագանք, Գիի համար էլ՝ նոր լսարան:

Սփյուռքահայ հումոր
Եթե անծանոթ երաժշտին թեկուզ մեկ համերգով հանդիսատեսի հետ ծանոթացնելը այդքան էլ դժվար չէ, ապա բոլորովին այլ է վիճակը, երբ խոսքը երգիծաբանի մասին է, որի ամբողջ ելույթի իմաստը խոսքն է: Երբ կազմակերպում էինք Վահե Բերբերյանի առաջին ելույթը Երևանում, մտավախություն կար, որ այստեղ նրան չեն հասկանա՝ և՛ արևմտահայերենը կարող էր պատնեշ լինել, և՛ կոնտեքստը, քանի որ Վահեի համարներում կարևոր դեր է խաղում սփյուռքի առօրյան, Ամերիկան, Հայաստանը՝ Սփյուռքի աչքերով և այլն: Ու եթե լավ չես տիրապետում կոնտեքստին, կարող է բարդ լինել: Ամեն դեպքում, սպասվածից լավ ընդունվեց, ելույթը նաև երաժշտությամբ խառնեցինք: Այնքան, որ մի քանի տարի անց նորից եկավ: 2014 թվականի ելույթը, սակայն մի փոքր այլ երանգ ուներ. ներգաղթած սիրիահայերի տոկոսը բավական մեծ էր դահլիճում, որովհետև Բերբերյանը նրանց համար հարազատ արտիստ է: Մի փոքր պարադոքսալ պատկեր ստեղծվեց. սփյուռքահայ արտիստը գալիս է Երևան, բայց դահլիճի շուրջ յոթանասուն տոկոսը նույնպես սփյուռքահայ է: Իսկ այն երեսունն էլ այն մարդիկ էին, ովքեր շփվում են սփյուռքահայերի հետ, կամ նույնիսկ ապրել են դրսում:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով